Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ աշխարհում

Կուրությունը շատ դեպքերում կարելի է կանխարգելել

Հոկտեմբերի 14-ը տեսողության համաշխարհային օրն էր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ Կուրության կանխարգելման գործակալության «Վիժըն-2020» նախաձեռնությունն սկսվել է 1999-ին։
 
Թիրախը՝ մինչեւ 2020 թվականը աշխարհի ավելի քան 100 մլն մարդկանց մոտ կանխարգելել կուրությունը։ Այդ ժամանակից ի վեր հոկտեմբերի 14-ը նշվում է որպես տեսողության համաշխարհային օր՝ նպատակ ունենալով բարձրաձայնել տեսողության խանգարումներով եւ կուրությամբ տառապող մարդկանց խնդիրները, միաժամանակ այդ նախաձեռնությանը միացած 97 երկրներին հիշեցնել ստանձնած պարտավորությունների մասին։


Տեսողության համաշխարհային օրն առիթ էր դարձել, որպեսզի Հայկական ակնաբուժական նախագիծը (ՀԱՆ) ներկայացներ ՀՀ առողջապահության նախարարության եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ հրատարակած «2020-ին ընդառաջ՝ հետադարձ հաշվարկ, աշխատանքներ եւ վիճակագրություն» գրքույկը։ Այն հակիրճ ներկայացնում է ՀԱՆ-ի գործունեությունը՝ ուղղված առողջապահության նախարարության հովանավորությամբ իրականացվող եւ այս տարի ամփոփվող «Կուրության կանխարգելման ազգային ծրագրի» նպատակների իրականացմանը։


Այսօր աշխարհում 314 մլն մարդ տեսողության խանգարումներ ունի։ Նրանցից 45 միլիոնը կույր է, 200 միլիոնը՝ տեսողության միջինից ծանր խանգարումներ ունի։ ԱՀԿ-ի տվյալներով կուրության եւ միջինից ծանր խանգարումների 80%-ը բուժելի է։


Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում։ ՀԱՆ-ի բժշկական տնօրեն, հանրապետության գլխավոր ակնաբույժ, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանի ընդհանուր գնահատմամբ՝ աչքի հիվանդությունների տարածվածության առումով վիճակը հեռու է գերազանց լինելուց, բայց անհամեմատ բարվոք է, քան 15 տարի առաջ։


«Ծրագրի դիտարկումներից ելնելով՝ կարող ենք ասել, որ Հայաստանում դեռեւս անբուժելի կուրության պատճառ են դառնում հիմնականում շաքարային դիաբետը եւ գլաուկոման։ Մենք բոլոր միջոցներն օգտագործում ենք հնչեցնելու, որ գլաուկոման եւ ակնահատակի դիաբետիկ փոփոխությունները շատ հեշտ կարելի է բուժել, եթե ախտորոշվում են սկզբնական շրջանում։ Ցավոք, մեր բնակչության մի զգալի մասն անտարբեր է իր առողջության նկատմամբ։


Կուրության կանխարգելմանը մեծապես կարող են նպաստել բնակչության գոնե 50-60% ընդգրկմամբ կանխարգելիչ հետազոտությունները։ Սա շատ կարեւոր է, քանզի 2 հիվանդություններն էլ հիվանդի համար աննկատելի են սկսվում։ Դիաբեդով հիվանդներին մեծամասամբ հայտնի է, թե ինչ վտանգ է ներկայացնում այդ հիվանդությունը։ Մենք էնդոկրինոլոգների հետ համագործակցում ենք, որը զարգացման անհրաժեշտություն ունի, որպեսզի շաքարային դիաբետ ունեցող հիվանդներն ակնաբուժական խոր հետազոտության ենթարկվեն։ Մինչդեռ գլաուկոման 98% դեպքերում սկսվում է աննկատ։ Դրա դեմ պայքարի լավագույն միջոցը 40 տարեկանից հետո տարեկան գոնե մեկ անգամ ակնահատակի ճնշման չափումն է։ Այժմ բոլոր պոլիկլինիկաներում դրա համար անհրաժեշտ պարագաներ կան։ Հիվանդությունը վաղ շրջանում հայտնաբերելու դեպքում այսօր եզակի կլինիկաներում դրա զարգացումը կանխելու եւ երկար տարիներ հիվանդի տեսողությունը պահպանելու հնարավորություններ ունենք։ Հիվանդներ ունենք, որ հիվանդացել են վաղ նախածերունական շրջանում եւ մեր կլինիկայում արդեն 20-25 տարի բուժվելով պահպանել են տեսողությունը։ Նրանք շարունակում են ապրել որպես հասարակության լիարժեք անդամներ»,–ասաց Ալեքսանդր Մալայանը։


«2020-ին ընդառաջ՝ հետադարձ հաշվարկ, աշխատանքներ եւ վիճակագրություն» գրքույկում տեղ են գտել Հայաստանի բնակչության շրջանում ակնային հիվանդությունների տարածվածության գնահատականները՝ ՀԱՆ-ի աշխատանքների վերլուծության արդյունքում։ Դրանք առաջին անգամ հնարավորություն են տալիս գնահատել ինչպես բնակչության ակնային առողջության վիճակը, այնպես էլ ակնաբուժության ծառայությունների պահանջարկը երկրում։


ՀԱՆ-ի մոնիտորինգի եւ գնահատման գծով փոխտնօրեն Նաիրուհի Ջրբաշյանը տեղեկացրեց, որ 2003-ից 3 շրջայց են կատարել Հայաստանի բոլոր մարզերում, զննելով շուրջ 240 հազար բնակչի։ 160 հազարի տվյալները մուտքագրվել են եւ վերլուծության ենթարկվել՝ ամբողջացնելով տվյալների շտեմարանը։


Դա հնարավորություն է տվել Հայաստանում առաջին անգամ ստանալ բնակչության շրջանում կուրության, թույլ տեսողության, ինչպես նաեւ հիմնական ակնային հիվանդությունների տարածվածության գնահատականները։ 2007-2009թթ. ՀԱՆ-ի շրջայցի տվյալներով կուրության տարածվածությունը կազմել է 0,7%, թույլ տեսողության տարածվածությունը՝ մոտ 4,1%։ Ընդհանուր առմամբ, տեսողության խաթարում ունի Հայաստանի բնակչության շուրջ 4,8%-ը, որը հիմնականում պայմանավորված է կատարակտ հիվանդությամբ։ Կուրության բերող առնվազն մեկ ակնային հիվանդություն (գլաուկոմա, կատարակտ, եղջրաթաղանթի հիվանդություններ, դիաբետիկ ռետինոպատիա եւ մակուլյար դեգեներացիա) ունի բնակչության 13,3%-ը։


«ՀԱՆ-ն առաջին անգամ տվել է այնպիսի հիվանդությունների տարածվածության տվյալներ, ինչպիսիք են կատարակտը (8,4%), ակնահատակի հիվանդությունները (7,9%) եւ այլն։ Ընդ որում, ակնային առողջության տեսակետից ամենախոցելին 50 եւ ավելի տարեկան բնակչությունն է։ Նրանց շրջանում կուրության տարածվածությունն ընդհանուր միջինից բարձր է 3, իսկ կատարակտի տարածվածությունը՝ մոտ 4 անգամ։ Մեր տվյալներով 50 եւ ավելի տարիքի բնակչության 37%-ն ունի առնվազն մեկ ակնային այնպիսի հիվանդություն, որը կարող է հանգեցնել կուրության»,-ասաց Նաիրուհի Ջրբաշյանը։


ՀԱՆ-ի ծրագրերի, դրանց ուղղվածության եւ արդյունքների մասին առավել մանրամասն՝ «ՀՀ»–ի «Առողջ եղեք» էջում։

Հեղինակ. Անահիտ ՀԱՅԹԱՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ